Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Մադրիդյան սկզբունքների, աքվիլյան վեց տարրերի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։ Այս մասին ասված է դեկտեմբերի 1-2-ին Բրուսելում անցկացված Հայաստան-ԵՄ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքներով հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ հակամարտության բոլոր կողմերին կոչ է արվում հարգել այդ սկզբունքները եւ տարրերը, եւ հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ «Երեք սկզբունքներից մեկնումեկի առանձնացումը վնաս կհասցնի հակամարտության կարգավորման գործընթացին»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է նաեւ հակամարտության լուծման հարցում բոլոր կողմերի մասնակցության կարեւորությունը։ Հայտարարության մեջ ողջունվում է ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում Լեռնային  Ղարաբաղի մասով հռչակագիրը։ ԵՄ նաեւ ընդգծում է, որ հակամարտության լուծմանը կարող է նպաստել տարածաշրջանային համագործակցությունը։ Ափսոսանք է հայտնվում նաեւ ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում հաճախակիացած կրակոցների վերաբերյալ։ Նիստի մասնակիցները նաեւ ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ գերիների փոխանակման մարդասիրական նախաձեռնությունը։