Ես էլ կարող եմ վարչապետ լինել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ):

Նրա խոսքով, ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է, իսկ 2018-ից Ազգային ժողովը դառնալու է համար մեկ պետական մարմինը եւ ՀՀԿ-ն որպես առաջին քաղաքական ուժ ԱԺ-ում, իր որոշումը կունենա վարչապետի թեկնածության հարցում, երբ ավարտվեն ՀՀ նախագահի լիազորությունները:

Հարցին, թե արդյոք ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի կերպարը համապատասխանում է, որ 2018-ին նա դառնա վարչապետ, Հակոբյանն արձագանքեց. «Ես էլ կարող եմ լինել վարչապետ, բոլորն էլ կարող են։ Կուսակցությունը կունենա որոշում: Եթե Սերժ Սարգսյանը ուզենա, ինքը անպայման կլինի, որովհետև ինքն է կուսակցության ղեկավարը և տվյալ պարագայում կուսակցության ղեկավարը պետք է լինի պատասխանատուն»։

Հակոբյանի խոսքով, չի կարող լինել այնպիսի իրավիճակ, երբ ՀՀԿ-ն ունենա վարչապետի երկու թեկնածու՝ Սերժ Սարգսյան եւ Կարեն Կարապետյան. «Մենք մեկ որոշում ենք կայացնելու, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն։ Մենք ընտրում ենք մեկ թեկնածու, լինելու է մեկ որոշում»։

Հարցին, թե եթե Սերժ Սարգսյանը միանձնյա որոշի, թե ով է լինելու վարչապետ, բոլորդ կո՞ղմ կքվեարկեք, նա պատասխանեց. «Իհարկե»: