Մեզ համար անընդունելի է ՀՀԿ իշխանության վերարտադրությունը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ անընդունելի է, որ 2018–ի ապրիլին Սերժ Սարգսյանը, ավարտելով պաշտոնավարման երկրորդ շրջանը, դառնա վարչապետ եւ մնա գործադիր իշխանության ղեկին։ Ճիշտ նույն ձեւով անընդունելի է վարչապետի պաշտոնում ցանկացած այլ ՀՀԿ–ական։ «Սերժ Սարգսյանի պարագայում դա անընդունելի է եռակի անգամ։ Սերժ Սարգսյանի ոչ միայն թեկնածությունն, այլեւ նրա վերարտադրությունը ԵՏՄ-ական, ադրբեջանական ոճով անընդունելի է: Մեզ համար հանրապետական ցանկացած թեկնածու անընդունելի է, եւ եթե նման քաղաքական ստատուս քվոյի պայմաններում շարունակվում է վերարտադրություն, ապա Սերժ Սարգսյանի պարագայում դա անընդունելի է»:
Միաժամանակ, Փաշինյանը նշեց, որ նոր Սահամադրությամբ, իշխանափոխություն անելը հեշտացել է եւ տեսականորեն չի բացառվում, որ խորհրդարանական նոր մեծամասնության ձեւավորվի. «Ուզում եմ նշել, որ նոր Սահմանադրությամբ օրինական ճանապարհով իշխանափոխություն ավելի հեշտ է։ Եվ կարող է բոլորովին ուրիշ քաղաքական իրադրություն ստեղծվել, որի դեպքում խորհրդարանում այլ մեծամասնություն կլինի։ Ինչպիսի՞։ Դա որոշում են մեր քաղաքացիներն ու ընտրողները»:




























