«Երկիր Ծիրանին» ուղերձ է հղել հայ ազգի 2 հատվածներին։ Ուղերձը «Եռաբլուր» պանթեոնում հրապարակել է կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։
«Անկախության քառորդ դարը այնպիսի շրջան է, որի մասին միայն հայտարարվեց, սակայն դրանք չծառայեցին անկախ պետության ստեղծմանը։ Քառորդ դար այս համակարգը աշխատեց բռնի ուժով։ Ունենք 2 հայկական պետականություն, մեկը մյուսին պաշտոնապես չեն ճանաչել։ Մեկը մյուսի անունից թշնամու հետ բանակցություն են վարում եւ պայմանավորվածություն ձեռք բերում։ Համասփյուռ հայությունը հայկական պետականության կառավարման հարցում զրկված է իրավունքներից։ Հիմնական պատճառը հայկական պետականությունում մենաշնորհի առկայությունն է։ Մենք չհասկացանք եւ չգիտացեցինք ազգային պետության կարեւորությունը։ Սփյուռքը եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետության հայերը չկարողացան զարգացնել քաղաքական միտք»,- նշել է նա։
Ըստ Փոստանջյանի, քաղաքացիները ի զորու չեն հաղթահարել գործող տոտալիտարիզմը։ «Հաղթահարման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ համասփյուռ հայությունը կարողանա օգտվել իր ընտրական իրավունքից։ Բոլոր հայերը պետք է մասնակցեն եւ իրավունք ունեն մասնակցելու հայկական պետականության մեջ քաղաքական որոշումներ կայացնելու։ Մենք պետք է ունենանք մրցունակ պետություն, որը ի վիճակի է դիմակայել մարտահրավերներին։ Մի քանի օր առաջ Հայաստան–Սփյուռք 6-րդ համաժողով տեղի ունեցավ, որը մեզ ոչինչ չտվեց, քանի որ ոչ մի քաղաքական հարց չլուծեց։ Մեր քաղաքակամն վերնախավն ուղղակի կապ չունի հայ ազգի խնդիրների հետ։ Նրանք օգտագործում են մեր հանրային միջոցները, մեր պետության ինքնաթիռի միջոցով մեկնում են Մոսկվա՝ խնջույքի մասնակցելու։ Նախագահին հարիր չէ մասնակցել օլիգարխի որդու հարսանիքին, այն էլ պետության միջոցներով»,- ասել է Փոստանջյանը։
«Երբ Նալբանդյանը հայտարարում է, որ պատրաստվում է տարածքներ հանձնել, ուրեմն իրեն եւ իր նմանին հայտնում ենք, որ չունենք որեւէ տարածք հանձնելու։ Կա Արցախի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն։ Մենք փաստացի մեկ միավոր ենք։ Արցախը Հայաստանի մաս է, արցախապատկան որեւէ տարածք սակարկման ենթակա չէ։ Այդ ի՞նչն ենք պատրաստվում նորից հանձնել, երբ մենք այսքան զոհեր ունենք, որոնք իրենց անգին կյանքով պահեցին այդ հողը։ Ձեզ ոչ ոք թույլ չի տա նման դավաճան գործողություններ իրականացնել։ Դուք ապրիլյան պատերազմի ժամանակ չզինեցիք մեր զինվորներին, որպեսզի նրանք կոտորվեն, եւ մենք հանձնենք այդ հողերը։ Այս պահի մեր քաղաքական հայտը ներառում է 42 հազար քառ/կմ, որը պետք է միայն ընդլայնվի։ Որպեսզի մենք կարողանանք ունենալ հայրենիք, անհրաժեշտ է որպեսզի դու ունենաս ժողովրդական պետականություն։ Մենք սկսում ենք գործընթաց, որի առաջին փուլը կոչվում է համահայկական ընդվզման օր, որը կլինի հենց այս տարի։ Այն ներառում է Հայաստանի եւ Արցախի բոլոր քաղաքները։ Մենք անվստահություն եւ մերժում ենք հայտնում այս իշխանություններին։
Այն վերնախավը, որը գործել է այս տարիներին, երբեք չպետք է լինի այս կառավարման համակարգում։ Պետք է ապամոնտաժել այս ողջ համակարգը։
Հայաստանին սպառնացող թիվ մեկ վտանգը այսօր գործող ապօրինի իշխանություններն են։ Մենք պետք է հրաժարվենք մեր ներքին թուրքից։ Մեր ներքին թուրքը Սերժ Սարգսյանն է, ՀՀԿ–ն եւ բոլոր նրանք, ովքեր վարում են այս հակահայկական քաղաքականությունը»,– ասել է Զարուհի Փոստանջյանը։




























