Մոսկվայի ոստիկանությունը մայրաքաղաքի Նիկուլինսկի դատարան է ուղարկել Շաքրո Մոլոդոյի (Զախարի Կալաշով) գլխավորած կազմակերպության մասնակիցների դեմ 18 միլիոն ռուբլի շորթելու մեղադրանքով գործը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ հաղորդագրությունը:

Դատարանի առջեւ կկանգնի 14 մարդ, ովքեր մեղադրվում են քրեական գործի երկու կետով: Դրանցից մեկով որպես տուժող ճանաչված Մոսկվայի Ռոչդելսկի փողոցի Elements ռեստորանի սեփականատեր Ժաննա Կիմից պահանջել են 8 մլն ռուբլի՝  սպառնալով սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին։

Շորթման երկրորդ դեպքը հաստատվել է քրեական գործի հետաքննության ընթացքում։ 2015թ. հունիսին Մինսկի փողոցում գտնվող գրասենյակի մոտ 6 անձ տուժողին սպառնացել են ֆիզիկական ուժով՝ պահանջելով 10 մլն ռուբլի։

2015թ. Elements ռեստորանի մոտ տեղի էր ունեցել հրաձգություն։ Կոնֆլիկտի մասնակիցներից են եղել Կիմի շահերը ներկայացնող  փաստաբան Էդուարդ Բուդանցեւն իր գործընկերների հետ եւ Իտալյանեց մականվամբ Անդրեյ Կոչույկովն իր թիկնապահների հետ, ովքեր ժամանել էին Կալաշովի կարգադրությամբ կնոջից փող պահանջելու համար։ Արդյունքում երկու մարդ սպանվել է, մի քանի մարդ՝ ստացել վնասվածքներ։

Միջադեպից հետո Կալաշովի հանդեպ շորթման մեղադրանքով քրեական գործ է հարուցվել։ Բացի դրանից՝ հետաքննության մեջ են հայտնվել նաեւ Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք քրեական հեղինակությունից ստացել են 500 հազար եվրո Իտալյանեցի ազատման համար։

Ներկայումս Մոսկվայի Պրեսնենսկի դատարանում եւս մեկ քրեական գործ է քննվում, որը ռեստորանի մոտ հրաձգության հետեւանքով է հարուցվել։  Դրանով անփութության մեջ են մեղադրվում ոստիկանության աշխատակիցները, որոնց պատճառով տեղի է ունեցել զինված կոնֆլիկտը։