Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելիի գնահատմամբ, Վրաստանի կառավարության 2011 թվականի տնտեսական քաղաքականությունը ֆարս է:

Այս մասին նա հայտարարել է այսօր, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, եւ որպես օրինակ բերել է 2011 թվականի պետական բյուջեն:

Նողաիդելիի հավաստմամբ, 2011 թվականի բյուջեն ստեղծվել է կառավարության համար: Նա համոզված է, որ եկող տարվա բյուջեի հիման վրա ծրագրավորված միջոցառումները, ոչ միայն չեն խթանի տնտեսական աճը, այլեւ պետությունը կսնանկացնեն:

«Պետությունը հայտարարում է, որ 2011 թվականի համար նախատեսված սոցիալական ծախսերը կրճատվել են, կրթական բյուջեն չի աճի»,-հայտարարել է նա ու նշել, որ ճգնաժամի ժամանակ, յուրաքանչյուր պետության կառավարություն ձգտում է կայունացնել վիճակը, իսկ Վրաստանի կառավարությունը հակառակն է անում, ինչպես նաեւ 2011 թվականի ծախսերը կրճատում 10 տոկոսով:

Սակայն, ինչպես նշում են փորձագետները, Վրաստանը շանս ունի դանդաղ տեմպերով տնտեսական աճ գրանցել: