«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Բայց Հայաստանի համար ի՞նչ՝ քրդերն անկախանում են, թե ոչ, որ սաղ օրը դրա մասին խոսում եք»: Այդ հարցի պրիմիտիվ պատասխանն է՝ «այն, ինչ վատ է Թուրքիայի համար, լավ է մեզ համար»: Եթե դա նույնիսկ այդպես է, ապա պետք է հաշվի առնել, որ քրդական անկախ պետության ստեղծումը, ըստ ամենայնի, «վատ է» նաեւ Իրանի համար, իսկ բարեկամ պետության կարծիքը, անշուշտ, պետք է հաշվի առնել, թեեւ կարելի է նաեւ համաձայն չլինել:

Երեկ կայացած հանրաքվեին դեմ են նաեւ Իրաքը, արաբական երկրները, առանձնապես ոգեւորված չէ նաեւ Արեւմուտքը: Կողմ է Իսրայելը, պարզ է, թե ինչու՝ արաբական աշխարհից մի մեծ կտոր է առանձնանում: Եթե մի կողմ թողնենք այդ բոլոր հաշվարկները, ապա զուտ մարդկայնորեն հարգանքի են արժանի այն ազգերը, որոնք տասնամյակներով պայքարել են անկախության համար եւ, ի վերջո, հասել են իրենց նպատակին:

Քրդերը, համենայնդեպս, մոտ են դրան՝ չնայած տարածաշրջանի ազդեցիկ պետությունները բոլորը դրան դեմ են: Իհարկե, Իրաքի Քրդստանին վարդերով պատած ճանապարհ չի սպասվում՝ զինված բախումներն անխուսափելի են, նախեւառաջ, իհարկե, Թուրքիայի հետ: Բայց մարդիկ, ի հեճուկս ամեն ինչի, իրենց մեջ վճռականություն են գտել գնալու այդ քայլին, պատրաստ են զենքը ձեռքին կռվել հանուն ինքնիշխանության, չեն վախենում, որ «թուրքը նրանց կուտի»:

Այստեղ, կարծում եմ, սովորելու բան կա: Իհարկե, քրդական պետությունը կանգնած է ոչ միայն արտաքին մարտահրավերների առջեւ: Ներսից Քրդստանին սպառնում են կոռուպցիան եւ կլանայնությունը՝ արատներ, որոնց մասին մեզ՝ հայաստանցիներիս, պետք չէ երկար պատմել:

Չնայած քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին մի քանի ամիս առաջ հայտարարել է, որ քրդական անկախ պետության ճանաչումից հետո նա կգնա թոշակի, եւ նրա մոտ բարեկամները նույնպես պաշտոններ չեն զբաղեցնի, ինչպես որ հիմա են տնով-ցեղով զբաղեցնում… ճիշտն ասած, հավատս չի գալիս:

Իշխանությունը քաղցր բան է. հատկապես չկայացած պետություններում իշխանավորները միշտ էլ ունեն հետեւյալ «արդարացումը». «մենք հաճույքով կգնայինք, բայց դե ո՞ւմ ուսերին թողնենք այս երկիրը»: Ինձ թվում է՝ Բարզանին նման մի բան կասի:

Հայաստանն ինչպիսի՞ վերաբերմունք պետք է դրսեւորի, եթե հռչակվի քրդական անկախ պետությունը, ես չգիտեմ՝ դիվանագետ, միջազգայնագետ չեմ: Բայց մի բան պարզ է. նոր, բազմամիլիոն բնակչությամբ պետության ստեղծումը կփոխի տարածաշրջանում տասնամյակներով ստեղծված status quo-ն: Դա բոլորի, նաեւ Հայաստանի համար կստեղծի հնարավորություններ, բայց նաեւ՝ առաջ կբերի վտանգներ: Այստեղ մակերեսային դատողություններն ու հապճեպ քայլերը հաստատ խանգարելու են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում