Ալիեւը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջեւ: Այս մասին իր հոդվածում նշել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Հոդվածը ներկայացնում նք ստորեւ.
«Բազմաթիվ ադրբեջանցի մեկնաբաններ եւ պաշտոնյաներ քննադատեցին Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն ես չհանդիպեցի որեւէ հայ մեկնաբանի կամ կառավարության ղեկավարների, որոնք դատապարտեին Իլհամ Ալիեւի սեպտեմբերի 20-ի սպառնալից ելույթը ՄԱԿ-ում:
Ադրբեջանի նախագահի երկար ճառը լի էր կեղծիքներով եւ խեղաթյուրումներով. եկեք փորձենք հստակություն մտցնել դրանցից մի քանիսում:
Ալիեւի ելույթի առաջին տողն սկսվում է սովորական չափազանցությամբ եւ կեղծիքով, հայտարարելով, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղը եւ երկրի յոթ այլ շրջաններ»: Ճշմարտությունն այն է, որ Հայաստանը չի գրավել Ադրբեջանի որեւէ տարածք: Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այն եղել է հայերով բնակեցված ինքնավար շրջան, որը 1921 թվականին խորհրդային բռնապետ Ստալինի կողմից նվիրաբերվել է Ադրբեջանին: Արցախի հայ բնակչությունը կարողացավ վերջապես ազատագրվել տասնամյակներ տեւած ադրբեջանական դաժան բռնազավթումից: Ավելին, ադրբեջանցիների պնդումը, թե Հայաստանը գրավել է Ադրբեջանի 20 տոկոսը, կեղծիք է, քանի որ հայերի ազատագրած շրջանը մոտ 15 տոկոս է, ոչ թե 20:
Այնուհետեւ, Ալիեւը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հնագույն եւ պատմական մասն է»: Սա կատարյալ անհեթեթություն է, քանի որ Ադրբեջանը որպես պետություն պատմականորեն գոյություն չի ունեցել: Այն ստեղծվել է 1918 թվականին թուրքական բանակի օգնությամբ:
Ալիեւի հաջորդ մեծ սուտն այն է, որ հայկական ռազմական գործողությունների հետեւանքով կան շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի «փախստականներ եւ ներքին տեղահանվածներ»: Նախեւառաջ, ոչ թե մեկ միլիոն, այլ մի քանի հարյուր հազար, ինչպես եղել են հարյուր հազարավոր հայ փախստականներ ադրբեջանական կոտորածների եւ էթնիկ զտումների պատճառով: Իսկ եթե 25 տարի անց ադրբեջանցի փախստականների մեծ մասը դեռեւս շարունակում է ապրել կեղտոտ ճամբարներում, ապա դա միայն Ադրբեջանի կառավարության մեղքն է, որը տարեկան միլիարդավոր նավթադոլարներ է վաստակում եւ այդ միջոցներից չի հատկացնում փախստականներին հարմարավետ բնակարաններում վերաբնակեցնելու համար…
Բացի այդ, ինչպես տեսանք եվրոպական վերջին հրապարակումներում, ադրբեջանցի ղեկավարները, հատկապես Ալիեւի ընտանիքը եւ նրա մերձավորները, միլիարդավոր դոլարներ են թալանել պետական նավթային եկամուտներից՝ իրենց շքեղ ապրելակերպի կամ ամբողջ աշխարհի պաշտոնյաներին կաշառելու համար՝ քողարկելու համար իրենց շարունակական մարդու իրավունքների խախտումները: Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահն առանց ամաչելու բարձր ամբիոնից հայտարարում է, որ իր երկրում առկա է «բացարձակ թափանցիկություն եւ զրոյական հանուրժողականություն կոռուպցիայի կամ կաշառակերության նկատմամբ»:
Այնուհետեւ, Ալիեւը կրկնեց ամենամեծ սուտը՝ Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զորքերի կողմից 600 ադրբեջանցիների այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին: Տարբեր վարկածներ կան, թե ինչ է տեղի ունեցել Խոջալիում հակամարտության ընթացքում, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կողմից իրենց իսկ ազգաբնակչության փախուստի ճանապարհների արգելափակումը, որոնք հետագայում հայտնվեցին թակարդում եւ դարձան պատերազմի զոհ: Սակայն, նույնիսկ եթե ապացուցված լիներ, որ այդ հակամարտության ընթացքում զոհվել է 600 ադրբեջանցի, որը ցավալի կլիներ, Ադրբեջանն անամոթաբար ժխտում է 1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից սկսած 1915 թվականից, սակայն առանց վարանելու հավերժացնում է այն սուտը, որ 600 ադրբեջանցիների մահը ցեղասպանություն էր…
Ալիեւը շարունակում է իր ստերի շարանը, պնդելով, որ 2016 թ. ապրիլին Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա: Աշխարհը գիտի, որ հենց Ադրբեջանն է եղել այդ հարձակման նախաձեռնողը: Բացահայտելով իր իսկ սուտը, նա նախազգուշացնում է, որ Ադրբեջանը նորից կհարձակվի…
Այնուհետեւ Ալիեւը հպարտանում է, որ 2011 թ. Ադրբեջանը ընտրվել է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ՝ 155 երկրների կողմ քվեարկությամբ: Ալիեւն անուշադրության է մատնում այն փաստը, որ ձայների մեծամասնությունն ապահովված էր ՄԱԿ-ի դեսպաններին շռայլ նվերներ մատուցելու շնորհիվ, որը բացահայտված է 2011 թ. իմ շաբաթական հոդվածում:
Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից անամոթաբար հայտարարում է, որ «ժողովրդավարության զարգացումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը մեր կառավարության գլխավոր առաջնահերթությունների թվում են: Բոլոր հիմնարար ազատությունները լիովին ապահովված են Ադրբեջանում, այդ թվում՝ խոսքի, մամուլի, հավաքների եւ կրոնական ազատությունները»: Բոլորը գիտեն, որ Ադրբեջանը բռնատիրական պետություն է կոռումպացված ղեկավարներով եւ որ նրա բանտերը լեցուն են մարդու իրավունքների ակտիվիստներով ու անկախ լրագրողներով…
Այնուհետեւ Ալիեւը հայտարարում է՝ «Ադրբեջանում բոլոր էթնիկ խմբերի եւ կրոնների ներկայացուցիչները ապրում են խաղաղության եւ ներդաշնակության մեջ»: Բացի հայերից, որոնք զոհ գնացին էթնիկ զտումներին եւ Արցախում նոր ադրբեջանական ցեղասպանության հնարավոր զոհերից, երկրում կան շատ այլ փոքրամասնություններ, որոնք պարբերաբար ենթարկվում են խտրականության եւ հայտնվում բանտերում: Ադրբեջանն անվանել ժողովրդավարական եւ «աշխարհի ամենահայտնի բազմամշակութային կենտրոններից մեկը»՝ խայտառակ հայտարարություն է…
ՄԱԿ-ում Ալիեւի ելույթում այնքան շատ են ստերը, խեղաթյուրումները եւ չափազանցությունները, որ այդ բոլոր կեղծիքները բացահայտելու համար պետք է մի ամբողջ գիրք գրել…
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի




























