Եթե բրիտանացի խորհրդարանականներին ուղղված մեղադրանքներ կան, ապա դրանք պետք է քննել: Սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում այս մասին նշեց Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նախարար Ալեն Դանքընը՝ պատասխանելով «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ կապված, այսպես կոչված, «ադրբեջանական լվացքատան» աննախադեպ կոռուպցիոն սկանդալի հետ:

Պատգամավորի խոսքով՝ այս սկանդալի բացահայտմանը նպաստել են բրիտանական այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, ինչպիսին են The Guardian-ը եւ պետական BBC-ն: «Այս կոռուպցիոն սկանդալում հիշատակվում են նաեւ կոնկրետ բրիտանացի պատգամավորների անուններ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը եւ խորհրդարանը հետեւողական կլինե՞ն, որպեսզի պատգամավորները՝ ներկայիս եւ նախկին (հատկապես նախկին, որոնց անուններն անմիջաբար կապվում են տարբեր կոռուպցիոն սկանդալների եւ Եվրոպայի խորհրդի տարբեր բանաձեւերի հետ, որոնք հստակ արտահայտված լոբբիստական ենթատեքստ են ունեցել), ինչ-որ ձեւով պատասխանատվության ենթարկվեն»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ Ալեն Դանքընի՝ վերջին 40 տարիներին Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը պարբերաբար ենթարկվել է The Guardian-ի հարձակումներին: «Ուստի The Guardian-ը երբեք չի եղել մեր սիրելի պարբերականը, սակայն այն մշտապես ուժեղ հետաքննություններ է անցկացրել՝ ինչպես միջազգային, այնպես էլ ներքին հարցերով: Տարբերություն կա նախարարի եւ խորհրդարանի պատգամավորի գործունեությունների միջեւ: Մենք չպետք է ասենք, թե նրանք ինչ անեն: Որպես նախարարներ, մենք պետք է հեռու մնանք խորհրդարանականների գործունեությունից: Այդուհանդերձ, ես բարձր եմ գնահատում այն, ինչ դուք ասում եք պարբերականի հետաքննությունների մասին»,- նշեց բրիտանացի նախարարը: Նա հայտարարեց, որ այդ գործում խորհրդարանի անդամների բրիտանական անուններ չի տեսել: «Սակայն ճիշտ այնպես եմ մտածում, ինչպես դուք, դրանք պետք է քննել»,- շեշտեց Ալեն Դանքընը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր հերթին ընդգծեց. «Մենք մեր հետաքննությունները կշարունակենք՝ լինի The Guardian-ի հետ կամ առանց նրա»: