Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի համար անհասկանալի է, թե ինչու է մեծամասնություն կազմող խմբակցությունը դեմ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն:

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք»-ի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ Արամ Սարգսյանը հարց բարձրացրեց՝ ո՞րն է վտանգը, որ համաձայն չեն այս հանձնաժողովին:

«Ո՞րն է խնդիրը, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին որոշած եկել ասում են՝ հանձնաժողով չպետք է ստեղծվի: Ինձ թշնամու թիկունքում եմ զգում այստեղ, որովհետեւ մենք ինչ ասում ենք, դուք ասում եք՝ չէ, կարծես թե մենք վատն ենք, հանցագործն ենք... մենք ուզում ենք, որ երկիրը լավը դառնա: Եկեք ստեղծենք հանձնաժողովը եւ ձեր փաստերը ներկայացրեք այնտեղ»,- ասաց Արամ Սարգսյանը:

Պատգամավորի ելույթին արձագանքեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը:

«Շատ բարեկիթ, շատ կազմակերպված, համբերատար քննարկում է»,- ասաց Արմեն Աշոտյանը: