ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով է ստեղծվել:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստելու եւ կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ.

1. Ստեղծել Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող եւ կազմակերպող հոբելյանական հանձնաժողով եւ հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի: 

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Երեւանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ իրականացումը:

3. Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող եւ կազմակերպող հոբելյանական հանձնաժողովին` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, հաստատել հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը եւ ժամանակացույցը»:

Նշենք, որ հանձնաժողովը գլխավորում է վարչապետ Կարեն Կարապետյանը, նրա տեղակալը Տարոն Մարգարյանն է: