Հայաստանը իր բազմադարյա պատմության ընթացքում ապրել է եղեռն, երկրաշարժեր, օտարների լուծ, սովետական օկուպացիա, ստալինյան բռնաճնշումներ, մենք գոյատեւել ենք ու ամրապնդվել, սակայն այժմ եկել է մի հայեցակարգ, որը պետք է կործանի Հայաստանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգ. ռուսերենը ՀՀ-ում պաշտոնականացնելու քողարկված փո՞րձ» թեմայով քննարկման ժամանակ նշել է Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը։
Նրա կարծիքով, հարցը, իհարկե, քաղաքական է, սակայն ոչ մեկին չի հաջողվի Հայաստանը դարձնել ռուսախոս երկիր, քանի որ դարեր շարունակ լեզուն է եղել հայության ինքնության գլխավոր բաղադրիչը։ «Այս հայեցակարգը լավ առիթ էր կրթության ոլորտի մասին խոսելու, իսկ ինքնին հայեցակարգը կանցնի կգնա եւ մենք կշարունակենք լավ իմանալ հայերեն, ռուսերեն, անգլերեն»,-ասաց նա։
Տ․ Հակոբյանի խոսքով՝ այն ինչ եղավ Մանկավարժական համալսարանում (խոսքը ՌԴ կրթության նախարարի ընդունելության մասին է-խմբ), դա համալսարանի եւ Ռուբեն Միրզախանյանի ստրկամիտ նախաձեռնությունն էր, որովհետեւ այնտեղ բացի երգ ու պարից, նկարվել էր նաեւ ՌԴ կրթության նախարարի մասին մի ճոխ ֆիլմ, որից ինքն նախարարը վատ է զգացել։
«Խնդիրը հայկական բովանդակության մեջ է, երբ երեխաներն խոսում են սահուն ռուսերենով, որովհետեւ չկան լավ մուտֆիլմեր հայերենով»,-ընդգծեց նա իր ելույթի վերջում։
Քննարկմանը ներկա էր նաեւ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ով զարմանք արտահայտեց, թե ինչ լեզուների մասին է խոսքը, երբ 7-8-րդ դասարանի աշակերտը հարցին, թե ում անունով է Հայաստանի Կոնսերվատորիան, պատասխանում է Արամ Ասատրյանի, ով է գրել «Լուսնի սոնատը»՝ Արմենչիկը։
«Ընդհանրապես, օտար լեզուներին լավ տիրապետող երիտասարդների 99 տոկոսի երազանքն է ուսումը շարունակել դրսում, սակայն նրանց 90 տոկոսը այդպես էլ չի վերադառնում, արդյունքում մեր հանրության սերուցքն են դառնում մարդիկ, որոնք գտնում են որ «Լուսնի սոնատի» հեղինակը Արմենչիկն է»,- մտահոգություն հայտնեց Կ․ Քոչարյանը։




























