«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը ապօրինաբար հրաժարվում է նամակներ, դիմուներ ընդունել: Այս մասին հայտարարություն է տարածել Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ դեկտեմբերի 9-ին Փաշինյանի հետ տեսակցություն ունենալուց հետո:
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն իրեն հայտնել է, որ «Արթիկ» ՔԿՀ ղեկավարությունը ոչ միայն իր դեռեւս նախորդ շաբաթ հանձնած ծրարները չի փոխանցում «Հայփոստ»-ի Արթիկի բաժանմունքին, այլեւ սկսել է ընդհանրապես հրաժարվել որեւէ ծրար նրանից ընդունել: «Այսպիսով, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ապօրինաբար զրկված է ընտանիքի անդամների հետ նամակագրական կապից, ինչպես նաեւ զրկված է որպես «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր իր աշխատանքը կատարելու հնարավորությունից:
Ակնհայտ է, որ նման աղաղակող ապօրինությամբ վարչակազմը միայն մեկ հարց է լուծում` Նիկոլ Փաշինյանի հոդվածների տպագրությունը խոչընդոտելը: Ինչպես Փաշինյանը տեղեկացրել է կնոջը, ինքը այս ընթացքում ամեն օր հոդվածներ է գրել, մինչդեռ «ՀԺ» խմբագրությունը ոչինչ չի ստացել»,- ասել է Աննա Հակոբյանը, հավելելով, որ «Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նման ապօրինությունները անհանգստություն են առաջացնում նրա կյանքի եւ անվտանգության խնդրի շուրջ, մասնավորապես կապի բացակայության պայմաններում հնարավոր չէ տեղեկություն ստանալ Փաշինյանի որպիսության մասին, ինչը հաշվի առնելով Նիկիոլ Փաշինյանի նկատմամբ տեղի ունեցած նախորդ հարձակումների շարքը, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս»:




























