Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ հավաստել, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների տեւական զարգացմանն ու ամրապնդմանը, մեր երկրների միջեւ փոխադարձ հարգանքի ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության հետագա առաջխաղացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային կարեւորագույն հարցերի շուրջ ձեւավորված փոխըմբռնմանը:

Ուրախալի է, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցությունը վերջին տարիներին բոլոր բնագավառներում էական առաջընթաց է արձանագրել, եւ քայլ առ քայլ կյանքի են կոչվում 2015 թվականին Չինաստան կատարած իմ պետական այցի ընթացքում մեր միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ձերդ Գերազանցություն,

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ավելի խորացնել եւ ամրապնդել մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերություններն ու ակտիվ փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ, մեծարգո պարոն Նախագահ, քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն»: