«Երեւան ջուր» եւ «ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline) ընկերությունները կհամագործակցեն ջրամատակարարման հետ կապված հարցերի վերաբերյալ բնակիչներին իրազեկման գործում: Ընկերությունների միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն, ջրամատակարարման պլանային դադարեցման եւ վարձավճարի չափի վերաբերյալ Երեւան քաղաքի ջրամատակարարման համակարգի հաճախորդները կտեղեկացվեն քաղաքային հեռախոսով` ձայնային ծանուցումների միջոցով:
Այս առնչությամբ, «Երեւան ջուր» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն ասել է. «Մի կողմից այս նորամուծությունը կնպաստի մեր բաժանորդների իրազեկվածության եւ ջրամատակարարման ծառայությունների հանդեպ գոհունակության աստիճանի բարձրացմանը, իսկ մյուս կողմից, ես այն համարում եմ հանրային ծառայություններ մատուցող երկու կազմակերպությունների համագործակցության եւ համերաշխության օրինակելի փորձ` ի շահ մեր հաճախորդների»:
Նշենք, որ այս երկու ընկերությունները նախապես իրականացրել են 5 հեռախոսային փորձարկային ծանուցում մայրաքաղաքի տարբեր հատվածներում` ջրամատակարարման դադարեցման եւ վարձավճարի պարտքի վերաբերյալ, որոնց արդյունքները բավարար է համարվել: Այսուհետ, ջրամատակարարման պլանային դադարների, ինչպես նաեւ ջրի վարձավճարի չափի վերաբերյալ տեղեկություններին ջրամատակարարման համակարգի հաճախորդները նախապես կտեղեկացվեն 20 վայրկյան տեւողությամբ ձայնային ծանուցումների միջոցով:





























