«Եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը Գերմանիայում կներկայացնի երգչուհի Էմմին: Դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։
Նա նշեց, որ Հանրային հեռուտաընկերությունն այս տարի որոշում է կայացրել անցկացնել ոչ թե երգչի, այլ երգի մրցույթ: Այսինքն` արդեն ընտրել են Էմմիին եւ հիմա էլ հայտարարում են երգի ընտրության մրցույթ:
«Էմմին վաղուց էր պատրաստ մասնակցելու մրցույթին: Հիմա մենք պետք է բոլորս կանգնենք իր կողքին եւ ամեն ինչ անենք, որ Հայաստանը հաջող ելույթ ունենա»,-ասաց Հարությունյանը:
Նշենք, որ անցած տարվա` «Եվրատեսիլ 2010-ի» համար հայտարարված երգիչների մրցույթին մասնակցում էր նաեւ Էմմին, սակայն չընտրվեց:
Դրանից հետո նա հայտարարեց, որ վիրավորված է Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանից, ով Էմմին խոստացել էր, որ ինքն է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2010»-ին:
Հարցին, թե արդյոք նա հաշտվե՞լ է Ալեքսան Հարությունյանի հետ, Էմմին ասաց.
«Այդ մրցութային խառը իրավիճակից հետո շատ հեշտ էր լսել ինձանից այդպիսի բաներ: Ես հետ չեմ կանգնում իմ ասածներից: Ես վիրավորված եմ եղել: Բայց, եթե այսօր այստեղ եմ, եկել եմ եւ ելույթ եմ ունենալու , ուրեմն ամեն ինչ մոռացել եմ: Մենք բարիշե՞լ ենք»,-շրջվելով Ալեքսան Հարությունյանի կողմը, հարցրեց Էմմին, ինչին ի պատասխան Հարությունյանը գրկեց երգչուհուն:
Նշենք, որ Էմմիի մայրը` պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանն անցած տարի մրցույթից անմիջապես հետո հայատարարեց, թե նախընտրական փուլը Հայաստանում կեղծումներով են անցել:
Հիշեցնենք նաեւ, որ «Եվրատեսիլ 2010-ի» հայաստանյան նախընտրական փուլում հաղթեց եւ Հայաստանը Նորվեգիայում ներկայացրեց Եվա Ռիվասը:





























