Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության եւ նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հրավերով հոկտեմբերի 9-10-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այցելել է Բրյուսել:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն է «Հայաստանի Հանրապետության կառավարության  եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակում քննարկել «Horizon 2020 Policy Support Facility» աջակցության գործիքի ներքո Հայաստանում ծրագրերի իրականացումը։

Նշենք, որ Եվրոպական միության Հետազոտությունների եւ նորարարությունների Հորիզոն-2020 շրջանակային ծրագիրն իրականացվում է 2014 թվականից եւ շարունակվելու է մինչեւ 2020 թվականը:

Հորիզոն-2020 ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարող է նպաստել մեր հանրապետության գիտական կազմակերպություններում եւ բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաեւ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում եւ մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն: