Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը ինքնին նշանակում է, որ մեզ պարտադրվում է աշխարհի հետ հաղորդակցվել ռուսերենի միջոցով, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհի համար այսօր հաղորդակցման լեզուն անգլերենն է։ Այդ մասին «Հայոց լեզվի մարտահրավերները եւ ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության եվ ազգագրության ինստիտուտի բանասիրության բաժնի վարիչ Թամարա Հայրապետյանը։
Նրա կարծիքով, օտար լեզուների խորը ուսուցումը միանշանակ ցանկալի է, սակայն դա չպետք է արվի մայրենիի հաշվին։
«Հայեցակարգում ընդգծվում է, որ հայոց լեզուն պետական լեզու է, որի շուրջ ձեւավորվում է հայկական ինքնությունը եւ սահուն անցում կատարվում ռուսերենին։ Պարզվում է՝ Հայաստանի հանրապետության քաղաքացին աշխարհում ձեռքբերումներին հասու լինելու եւ մշակութային հանրության հետ համարժեք քայլելու համար պետք է տիրապետի ռուսաց լեզվին»,-ասաց նա:
Թամարա Հայրապետյանը պնդել է, որ չպետք է ռուսերենի ուսուցումը իսպառ բացառել, սակայն պետությունը պետք է ապահովի մայրենի լեզվի համար գերակայություն. «Եվ շատ կարեւոր հանգամանք է, որ մենք առ այսօր չեն ընդունել կրթության զարգացման պետական ծրագիր՝ նոր կրթակարգ։ Այսինքն, մենք չգիտենք մեր կրթական համակարգը դեպի ուր է գնում, որ ուղղությամբ է զարգանում եւ այդ պատճառով չգիտենք, որ առարկայի համար ինչքան ժամաքանակ հատկացնել»:
Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի համատեքստում նա հիշեցրել է Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլեւան խոսքերը, որ երկու օտար լեզուն շռայլություն է, իսկ նույն Ռուսաստանում ռուսերենի ուսուցումը բավարար մակարդակի վրա չէ։
Իր խոսքի վերջում նա նշել է, որ մեր դպրոցներում երկու օտար լեզուների դասավանդումը երեխաների ավելորդ ծանրաբեռնում է, իսկ պետությունը բավարար գումարներ չի հատկացնում մայրենիի զարգացման համար, արդյունքում «ինձ համարը» դարձել է «իմ համար», բարձրաստիճան այրերը «որովհետեւ»-ին վաղուց «որտեւ» են ասում, իսկ «նախագահին»-ն էլ՝ «նախագա»։

























