Անթույալտրելի է որեւէ վիրավորական բառը, նաեւ քաշքշուկը քաղաքական բանավեճերի ժամանակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Երեւանի ավագանու նիստում ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանի անպարկեշտ վարքագծին: Նշենք, որ վերջինս «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանի ելույթին արձագանքել էր՝ նրան անվանելով բոզ:
Նախ Վահրամ Բաղդասարյանը պնդեց, որ Իգիթյանի ելույթի այլ հատված է լսել, նման անպարկեշտ բառ չի լսել, ապա մեր պնդումներից հետո շարունակեց. «Ինձ համար անթույլատրելի է վիրավորական արտահայտությունը բանավեճի ժամանակ: Մարդու ինտելեկտը նրա համար է, որ կարողանա քաղաքական բանավեճերը քաղաքակիրթ մակարդակով տանել եւ որ հարիր լինի քաղաքական մշակույթին»:
Մեր դիտարկմանը՝ ինչու հենց ՀՀԿ-ականներն են տարբեր համակարգերում իրենց անպարկեշտ վարքագծով հակադրվում քաղաքական մշակույթին, Բաղդասարյանը հակադարձեց. «Միայն մատնանշում եք դա, սակայն դրդապատճառը չեք ասում, ընդդիմադիրների ասածները չեք ֆիքսում»:
Նա պնդեց, թե խորհրդարանում մշտապես հրահրում են ընդդիմադիրները. «Չի եղել դեպք խորհրդարանում, որ հանրապետականները հրահրեն, բնականաբար մեկ երկու դեպքից հետո պետք է պատասխան լինի, միակողմանի մի նայեք»:
Հարցին՝ արդյոք այս վարքագծով Իգիթյանը չի՞ վարկաբեկում Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը եւ չպետք է նրան հեռացնե՞լ խմբակցությունից, Բաղդասարյանը պատասխանեց. «Ընտրված մարդկանց էդքան հեշտ չեն հեռացնում»:
Նշենք, որ բացի Լեւոն Իգիթյանից, Երեւանի ավագանու այսօրվա նիստում իրենց բառապաշարով «փայլել են» նաեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով ըննդիմադիրներին դիմելով ասաց. «ռեխներդ փակեք, վեր ընկի տեղդ», նաեւ ՀՀԿ խմբակցությունից Արմեն Սահակյանը, ով «Երկիր Ծիրանիի» անդամներին դիմեց այսպես. «Արա, էս ով եք դուք»:




























