Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը չի ցանկանում Կատալոնիայի անկախությունը, փոխանցում է AP-ն։ Նրա  կարծիքով դա կխրախուսի այլ տարածաշրջաններին եւ կբարդացնի ԵՄ ղեկավարումը։

«Եթե մենք թույլ տանք Կատալոնիային առանձնանալ  (Իսպանիայից), մյուսները նույնպես այդ կերպ կվարվեն։ Ես չեմ ուզում դա», - ասել է Յունկերը՝ ելույթ ունենալով Լյուքսեմբուրգի համալսարանում։

Նա նշել է, որ շատ անհանգստացած է Եվրոպայում «անջատողական միտումներից», եւ  կոչ է արել Իսպանիայի վարչապետին վստահեցնել, որ իրավիճակը հսկողության տակ է։  Խոսելով ԵՄ միջնորդության մասին՝ Յունկերը նշել է, որ Եվրահանձնաժողովը չի կարող միջնորդ դառնալ կողմերից մեկի դիմումով։ ԵՄ-ում վստահ են, որ Իսպանիայի վարչապետը կլուծի այդ «ներքին խնդիրը»։