«Ժառանգությունը» կորցրել է իր կառուցողականությունը եւ բացի սեւ ակնոցներով քննադատությունից որեւէ բան չի անում, երբեմն էլ արտասահմանյան հանձնարարութուններ է կատարում: Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

Ասուլիսին ներկա ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն էլ նշեց, որ եթե ընտրությունները տեղի են ունենում իշխանության ցանկությամբ, այլ ոչ ժողովրդական ճնշման տակ, այդ դեպքում իշխանությունը հնարավորություն է ստանում կեղծել ընտրությունները: «Եթե տեղի ունենան այն ընտրությունները, որոնք ամրագրված են սահմանադրությամբ եւ օրենքներով, ապա ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն չեն անցնի խորհրդարան: Կանցնեն այն մարդիկ, ովքեր ժողովրդի մասին մտածում են եւ այսօր խոսում են այդ մասին»,-նկատեց Խաչատրյանը եւ հավելեց, որ խորհրդարան կմտնեն միայն այն ուժերը, որոնք դեմ են այսօրվա իշխանությանը:

Նա նաեւ առաջարկեց իր հանրապետական պատգամավորին՝ «Ժառանգությանը» գնահատական տալուց առաջ գնահատական տալ իրենց կոալիցիոն գործընկերոջը՝ ՕԵԿ-ին, որի ղեկավարին նախկին նախագահը մեղադրեց պետական դավաճանության մեջ:

Խաչատրյանն ընդգծեց նաեւ, որ Հայաստանում իշխանափոխությունը տեղի է ունենալու ոչ թե դրսի ուժերի, այլ ներքին ուժերի միջամտությամբ, ժողովրդի պարտադրանքով: «Մինչեւ հաջորդ  ընտրությունները դուք ուղղակի շատ սիրուն, իշխանությունից կհրաժարվեք, քանի որ չեք տիրապետություն իրավիճակին, քանի որ ժողովրդին սոցիալ-տնտեսական անտանելի իրավիճակի մեջ եք դրել, եւ ոչ մի խնդիր, որը ձեր առաջ դրել եք, չկարողացաք իրականացնել: Նույնիսկ երկիրը չկարողացաք դարձնել ծիծակ եւ պանիր արտահանող երկիր»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Ռաֆիկ Պետրոսյանն էլ հակադարձեց, ասելով, որ եթե խոսվում է մինչեւ հաջորդ ընտրություններ իշխանափոխության մասին, նշանակում է՝ դա իրականացվելու է հակասահմանադրական գործողությունների միջոցով: «Ոչ, դուք պարզապես հրաժարական կտաք, ինչպես Բեգլարյան Գագիկը: Չի բացառվում, որ Դուք այստեղ նստած եք, եւ այդ որոշումն արդեն կայացվել է»,-ի պատասխան ասաց Խաչատրյանը: