Խորհուրդ եմ տալիս մեղադրանքի լեզվով չխոսել, մեղադրել միշտ էլ կարելի է որեւէ կողմին: NEWS.am-ի հետ զրույցում նման կերպ արձագանքեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Սանահինի վանական համալիրում կատարվող վերականգնողական աշխատանքների վերաբերյալ Ալավերդիի տարածաշրջանի և Սանահինի վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի բողոքներին եւ հնչեցրած քննադատություններին:

«Ես խորհուրդ կտայի, որ ոչ մեկը ոչ մեկին չմեղադրի, այլ փորձեինք գտնել լուծման ճանապարհներ, մեղադրել միշտ էլ կարելի որեւէ կողմին, խորհուրդ կտայի մեղադրանքի լեզվով չխոսել: Ինչ վերաբերում է Սանահինին եւ ընդհանրապես պատմամշակութային ժառանգության պահպանմանը, մենք առաջիկայում լրագրողների հետ այցելելու ենք բոլոր այն պատմամշակութային հուշարձանները, որտեղ նորոգության աշխատանքներ են կատարվում եւ փորձելու ենք շինարարներից պահանջել հաշվետվություն, այդ մասին մենք արդեն բարձրաձայնել ենք: Մենք միասին կբացահայտենք բոլոր թերություններն ու անպատասխանատու անձանց կենթարկենք պատասխանատվության»,- ասաց նախարարը:

Նշենք, որ Սանահինի հոգեւոր հովիվն իր ֆեյսբուքյան էջում վերականգնողական աշխատանքների մասին գրել էր հետեւյալը. «Շուրջ մեկ ամիս առաջ Սանահինի վանական համալիրում վերսկսեցին վերականգնողական աշխատանքերը, որոնք իրականացվում են ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով: Այս փուլում, մեր ունեցած տեղեկություններով, նախատեսվում է վերանորոգել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու արևելյան կողմի տանիքները: Մեկ ամիս առաջ հանվել է տանիքների քարածածկը, որն ըստ աշխեկի պետք է փոխարինվեն նորով՝ օգտագործելով նաև հին բարվոք վիճակում գտնվող քարերը: Ցավով արձանագրում ենք, որ առ այսօր որևէ աշխատանք չի կատարվել այս ուղղությամբ շինարարների կողմից՝ վտանգելով առանց այն էլ արդեն թեքված պատերը: Այժմ վերջին օրերի անձրևաջրերը ամբողջությամբ ներթափանցում են շենքի պատերի մեջ և պատկերացնո՞ւմ եք դրա վնասներն ու հետևանքները: Իբրև Ալավերդու տարածաշրջանի և Սանահինի վանական համալիրի այցելու հոգևոր հովիվ՝ մեր վրդովմունքն ենք արտահայտում նախարարության այս անհեռատես ձեռնարկին, որ ամբողջ ամառ, երբ ավելի բարենպաստ էր եղանակը վերանորոգչական աշխատանքներ իրականացնելու համար, որևէ բան չարվեց ու երբ աշնանային անձրևները սկսեցին, նոր ապա հանվեց տանիքների ծածկաշերտը՝ ազատ ճանապարհ բացելով անձրևաջրերի ներս թափանցելու համար: Ուստի սրանով մեր բողոքն ենք արտահայտում և պահանջում, որ շուտափույթ լուծում տրվի այս հարցին և արագ կերպով, քանի դեռ եղանակային պայմաններն ավելի չեն սաստկացել, ծածկվեն Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքները՝ փրկելով այն փլուզումից»: