Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է իր թեկնածությունը «երկրորդ եւ վերջին» նախագահական ժամկետի համար առաջադրելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հավատարիմ մեզ արժանի հայրենիքի իմ տեսլականին՝ կարծում եմ, որ իմ պարտքն է առաջարկել իմ կառավարության աշխատանքն ու իմ թեկնածությունը կիպրական ժողովրդի դատին։ Թեկնածությունս երկրորդ եւ վերջին ժամկետի համար»,- գրել է Անաստասիադիսը Facebook-ի իր էջում։
Նախօրեին նա իր մտադրության մասին հայտնել էր Նիկոսիայում կառավարության նիստի ընթացքում։
Նախագահն ընտրություններին մասնակցելու է «Կայուն քայլ դեպի առաջ» կարգախոսով։
Անաստասիադիսը 71 տարեկան է, 2013թ. փետրվարի 24-ի ընտրություններում հաղթանակ է տարել մեծ առավելությամբ՝ հավաքելով 57,25 տոկոս։ Հաջորդ ընտրությունները կայանալու են 2018թ. հունվարի 28-ին։




























