Վանաձորի մի շարք դպրոցներում այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 13-ից հետո աշակերտներին տուն են ուղարկում, դա հիմնավորելով սպասվող ուժեղ քամով, ինչի մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախապես  հայտարարություն էր տարածել, քամու ընդգրկման տարածքում մատնանշելով նաեւ Լոռու մարզը: 

Ի տարբերություն դպրոցների, քաղաքի մանկապարտեզները շարունակում են աշխատել ամենօրյա, սովորական գրաֆիկով: Աշխատակիցները պնդում են, որ երեխաներին շուտ տուն ուղարկելու համար իրենց որեւէ հրահանգ չի տրվել:

Վանաձորի քաղքապետարանի մշակույթի ու կրթության բաժնի պետ Գոռ Բադյանը մեզ հետ զրույցի ընթացքում հաստատեց այդ տեղեկությունը, նշելով. «Որեւէ հրահանգ չենք ստացել: Ես ինքս զանգահարել եմ 911, որտեղից ինձ պատասխանել են, որ նման բան չի սպասվում»:

Բադյանը տեղյակ էր, որ դպրոցներից աշակերտներին տուն են ուղարկում: Վերջինս նշեց, որ մանկապարտեզներն այսօր  դեռեւս կշարունակեն աշխատել բնականոն ռեժիմով:

Այն կձգվի մինչ աշխատանքային օրվա վերջը, թե՝ ոչ, բաժնի պետը դժվարացավ ասել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում եւ Գեղարքունիքում քամու ուժգնացում է սպասվում (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր եւ վնասվեն տանիքներ:

«Ուստի հորդորում ենք բնակչությանը, մնալ շինությունների ներսում: Երեւանում եւ հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում»,-Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը: Միաժամանակ, ԱԻՆ-ը քաղաքացիներին կոչ է արել պահպանել զգուշություն եւ հնարավորինս քիչ գտնվել դրսում: