Փաստը, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հետաձգել է Բաքվի նախաձեռնած «Ադրբեջանի օկուպացված տարածքների վիճակի մասին» բանաձեւի նախագիծը, Երեւանի հետեւողական արտաքին քաղաքականության հաջողությունն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, Երեւանը հետեւողականորեն հայտարարել է ղարաբաղյան կարգավորման ձեւաչափի փոփոխության, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս քննարկում ծավալելու անթույլատրելիության մասին:

«Կարծում եմ, որ այդ քաղաքականությունը տվեց արդյունք եւ միջազգային կազմակերպությունները գիտակցեցին այլ ձեւաչափերում ղարաբաղյան հարցի քննարման աննպատակահարմարությունը: Դրանով է պայմանավորված ՄԱԿ ԳԱ որոշումը»,- նշեց Շարմազանովը: Նրա կարծիքով, միջազգային հանրության դիրքորոշումը նույնական է պաշտոնական Երեւանի դիրքորոշման հետ եւ այն վերջնականապես համոզել է պաշտոնական Բաքվին, որ ղարաբաղյան կարգավորումը Մինսկի խմբից դուրս տեղափոխելը դատապարտված է անհաջողության: