Երեւանում կներկայացվի Elliniko Theatro-ի հանրահայտ պիեսը՝ «Սոկրատեսն այսօր» մոնոներկայացումը, որը մինչեւ այս ավելի քան 450 անգամ արդեն բեմադրվել է 20 երկրում:
Մենակատարը «Էմմի» մրցանակակիր, դերասան եւ ռեժիսոր Յաննիս Սիմոնիդեսն է: Նա երկու ներկայացում կխաղա հայ հանդիսատեսի համար՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 13:30-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում, եւ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Մոնոներկայացումը Երեւանում բեմադրում է Հայաստանում Հունաստանի դեսպանատունը՝ տոնելու Հայաստանի եւ Հունաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ պատվելու երկու ազգերի միջեւ դարավոր բարեկամական հարաբերությունները:
Դերասան Յաննիս Սիմոնիդեսն իր իսկ բեմադրած մոնոներկայացման մեջ մեղադրողներին, դատավորներին ու ներկաներին Սոկրատեսի պաշտպանական խոսքն է ներկայացնում՝ հնչած փիլիսոփայի կյանքի վերջին դատաքննության ժամանակ: Ամենաիմաստուն հույն Սոկրատեսին դատում են զրպարտական մեղադրանքների համար, ըստ որոնց նա անառակացնում է երիտասարդությանը, ոտնձգություններ թույլ տալիս կրոնի ու բարոյականության հանդեպ, ինչպես նաեւ վտանգում պետության եւ ընտանեկան կյանքի իդեալները:
Սոկրատեսյան ուսմունքի էությունը փոխանցող թատերական հայտնի այս բեմադրությունը նորովի է ներկայացնում Պլատոնի՝ մինչեւ օրս էլ արդիական կլասիկ ստեղծագործությունը:
Բեմադրությունների վերջում հանդիսատեսը հնարավորություն կունենա տաղանդավոր դերասանի հետ քննարկել Սոկրատեսի պաշտպանականը, նրա հնչեցրած տեսակետներն ու դրանց արդիականությունը մեր ժամանակներում:
Բեմադրությունները լինելու են անգլերենով՝ հայերեն ենթագրերով: Մուտքն ազատ է:
Միջոցառմանն աջակցում եւ հովանավորում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հունաստանի տուրիզմի ազգային կազմակերպությունը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Էգեյան ավիաուղիներն ու «Չարենցի 28» ռեստորանը: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը միջոցառումը հովանավորում է ի հիշատակ «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության գլխավոր տնօրեն լուսահոգի Դիմիտրիս Լոիսի:































