ՀՀ պետեկամուտների կոմիտեն մինչ օրս չի հրապարակել, թե որքան հարկեր եւ տուրքեր են հավաքագրվել այս տարվա նոյեմբերի ընթացքում:
Սովորաբար ամեն ամսվա ցուցանիշը ՊԵԿ-ը հրապարակում է հաջորդ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում: Իսկ դրա պատճառը, ինչպես հաղորդում են թերթի աղբյուրները, այն է, որ նոյեմբեր ամսվա ընթացքում բյուջեի հարկային եկամուտները զգալիորեն թերակատարվել են, եւ ՊԵԿ-ը «ոտքը կախ է գցում» դեկտեմբեր ամսվա հավաքագրածի մի մասը նոյեմբերի ցուցանիշին ավելացնելու համար:
Այսինքն, դեկտեմբերի սկզբին վճարված հարկերը կգրանցվեն նոյեմբերի վրա, եւ կստացվի, որ ՊԵԿ-ը կատարել է հավաքագրումների նոյեմբերյան ծրագիրը: ՊԵԿ-ում հույս ունեն, որ բնակչության՝ Ամանորի նախապատրաստական ծախսերը այնքան մեծ կլինեն, որ դեկտեմբերին կհաջողվի բյուջե մուտքագրել ծրագրվածից ավելի շատ գումար: Սակայն, մասնագետների դիտարկումներով, ՊԵԿ-ին հիասթափություն է սպասվում՝ հարկային եկամուտների ծրագիրը չի կատարվելու նաեւ դեկտեմբերին, ինչը պայմանավորված է բնակչության գնալով ավելի նվազող գնողունակությամբ:




























