Նյու Յորքի Մանհեթենի շրջանի դաշնային դատարանը 60 օրվա ընթացքում որոշում կկայացնի այն մասին, թե պետք է արդյոք մերժել ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ներկայացված դատական հայցը, թե ոչ։ Թրամփին մեղադրում են, ամերիկյան սահմանադրության դրույթները խախտելու մեջ, որոնք երկրի առաջին դեմքերին արգելում են օտարերկրյա իշխանություններից վճարումներ ստանալ, հայտնում է The Wall Street Journal–ը։
Դատական հայցը ներկայացվել է հունվարին «Քաղաքացիներ հանուն Վաշինգթոնում պատասխանատվության եւ էթիկայի» կազմակերպության կողմից, որը միավորում է իրավաբանների, իրավունքի մասնագետների եւ էթիկայի ոլորտի փորձագետների։ Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել Սահմանադրության նորմերը խախտելուց խուսափելու համար։ Նրանք նշում են, որ հանրապետական պաշտոնյան չի հրաժարվել իր ընկերությունների սեփականության իրավունքից, այլ միայն հեռացել է ղեկավարությունից եւ վաճառել իրեն պատկանող ակտիվները։ Հունիսին ԱՄՆ Արդարադատության նախարարության իրավաբանները պահանջել էին մերժել դատական հայցը։




























