Հայաստանի փոքր ձեռնարկությունները մեծ հնարավորություններ չունեն վարկեր ստանալու։ Այսօր՝ դեկտեմբերի 14-ին լրագրողների նհետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Հայաստանի գործատուների հանրապետական կենտրոնի տնօրեն Գագիկ Մակարյանը։ Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում բիզնես սկսում են միայն սեփական միջոցների հաշվին։ Սակայն բիզնեսը նման է վառելիքին՝ այն հարկավոր է անընդհատ լիցքավորել վարկերով, իսկ դա լրջագույն խնդիր է։

Ըստ Մակարյանի՝ խնդիրը 2 կողմ ունի։ Մի կողմից՝ բիզնեսը չի կարողանում իր ծրագրերը ճիշտ ներկայացնել բանկերին, մյուս կողմից՝ բանկերն ավելի տրամադրված են աշխատել խոշոր բիզնեսի հետ։ «Բանկի համար նույն չարչարանքն է՝ աշխատել մեծի կամ փոքրի հետ։ Ավելի լավ է մեծին տան, որ իրենց համար ավելի հետաքրքիր է»,- ասաց Գ. Մակարյանը։

Մեր կողմից հավելենք նաեւ, որ բանկերը, որպես կանոն, փոքր բիզնեսի առջեւ կոշտ պայմաններ են դնում՝ պարտադիր գրավադրման տեսքով։