2018 թվականին, տոնելով իր 2800-ամյակը, Երեւանը աշխարհին կներկայանա ոչ միայն որպես հինավուրց, Հռոմից էլ հին քաղաք, այլ նաեւ նոր եւ խելացի քաղաք։ Այսինքն, Երեւանը աչքի կընկնի խելացի լուծումներով եւ կառավարման խելացի համակարգերով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի «Խելացի Երեւան» հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը։
Նրա խոսքով, ամեն ժամանակաշրջան ունի իր մարտահրավերները։ «Երբ Թամանյանը ստեղծում էր պարտեզ-քաղաքը, դա իր ժամանակաշրջանի համար խելացի լուժում էր, հիմա քաղաքը կարիք ունի նորարարության»,-նշում էր նա։
Հաքաթոնի ընթացքում մոտ 70 մասնագետներ կմշակեն խելացի լուծումներ Երեւանի համար երեք հիմնական ուղղություններով՝ տվյալների մշակում, վիզուալիզացիա եւ նոր տվյալների հավաքագրման մեխանիզմների մշակում։ Տվյալները վերաբերում են քաղաքի կառավարման երեք ոլորտների՝ շենքերի կառավարում, տուրիզմի զարգացում եւ քաղաքի մաքրություն։
Հոկտեմբերի 22-ին յուրաքանչյուր թիմ կներկայացնի իր նախագիծը։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն 3 գաղափարները կանցնեն Կոլբա լաբի ինկուբացիայի փուլ եւ կստանան ծրագրի իրականացման նախնակն ներդրում համապատասխանաբար 5000, 4000, 3000 ԱՄՆ դոլար համամասնությամբ։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանի փոխանցմամբ, ծրագրի ֆինանսավորումը կազմում է 20 հազար եվրո։ Սակայն նախատեսվում են ավելի մեծ ներդրումներ էներգախնայողության միջոցով, որի արդյունքում նախատեսվում է խնայել ՀՆԱ-ի 4 տոկոսը։
Հիշեցնենք, որ «Խելացի քաղաք» հաքատոնը Երեւանի քաղաքապետարանի, Եվրոպական միության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախագիծն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։



























