Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը մեկ այլ դպրոցի միացնելու Կառավարության որոշումը հունից հանել է ծնողներին:

Հոկտեմբերի 19-ին Կառավարությունը որոշում է կայացրել թիվ 26 դպրոցը միացնել «Վիդրոջենյա» թիվ 28 հիմնական դպրոցին: Թիվ 26 դպրոցի աշակերտների ծնողները, որոնք հիմնականում զինվորականներ են, այս որոշմանը դեմ են:

«Մենք ծնողներով համաձայն չենք, ղեմ ենք, որ դպրոցը փակվի, որովհետեւ երեխաները չեն կարողանա ուրիշ դպրոց հաճախել, որովհետեւ ձմեռ կա, տրանսպորտը վատ է աշխատում... Թաղամասի երեխաները հիմնականում զինվորականների երեխաներ են, որոնք գնում են մեկ ամսով սահման են պահում ու իրենց երեխաներին ոչ ոք չի կարող դպրոց տանի կամ բերի»,- նշում է ծնողներից Ա. Սարգսյանը:

Ծնողների խոսքով, դպրոցի փակման պատճառների թվում մատնանշվում է երեխաների սակավաթիվ լիելը: Նշենք, որ դպրոցում սովորում է 30 աշակերտ: Ծնողները, սակայն, հակադարձում են՝ քիչ քանակից էլ կարող է որակ լինել:

«Դպրոցը զորամասի մեջ է գտնվում ու ավարտող երեխաներրի մեծ մասը, մոտ 90 տոկոսը դառնում է զինվորական: Դպրոցն ունեցել է հերոսներ՝ Զորիկ Գեւորգյանը, Մհեր Հակոբյանը: Այսօր դպրոցի պատին փակցված են նրանց հուշաքարերը, երեխաները նրանցով ոգեւորվում են, խրախուսվում են, ձգտում են ծառայեն, չփախչեն բանակից ու պահպանեն իրենց երկիրը»,- ասում է Ա. Սարգսյանը: