Դերասան Հրանտ Թոխատյանն արձագանքել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, որ կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել եւ Արաբկիր համայնքի պատմամշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատի շենքը նվիրում են գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին:
Հրանտ Թոխատյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Արաբկիր համայնքի պատմամշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատի շենքում հիմնելու է մանկական թատերական դպրոց:
«Ոչինչ ոչ մեկին չի նվիրվում էս երկրում, 2007թ. ես փորձել եմ հիմնել մանկական թատերական դպրոց, այդ շենքը տրամադրել են 10 տարով՝ անվարձահատույց օգտագործման իրավունքով»,-ասաց նա:
Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, թե այդ շենքը Տարոն Մարգարյանը Հրանտ Թոխատյանի հիմնադրամին է նվիրել նրա լռության դիմաց, դերասանը չցանկացավ մեկնաբանել. «Զարուհի Փոստանջյանի ասածներն ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում: Այդ հայտարարությունը չեմ ուզում գնահատել»: Նա չմեկնաբանեց նաեւ Փոստանջյանի հայտարարության մեջ իր հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները. «Թող միակողմանի լինի, ես ոչինչ չեմ ուզում մեկնաբանել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Զարուհի Փոստանջյանն իր հայտարարությունում ասել էր. «Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ եւ կեղտոտ ձեռքերից` ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին: Գավառական թամադայի երազանքն Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատի տեր դառնալն է (կառուցվել է` 1958-ին): Այս բաղձալի երազանքը իրականություն դարձնելու համար նա տարիներ առաջ սկսել էր գործընթաց` դիմել էր գավառապետին, որպեսզի այն նվիրի իրեն: Այժմ մենք ականատեսն ենք հանրային միջոցների հերթական նվիրատվությանը: ՀՀԿ-ն կրկին պարգեւատրում է իր ծառա գավառական թամադային: Պարգեւատրում է լռության եւ ծառայամտության համար: Գավառական թամադան շատ լավ կատարել է իր առաքելությունը` լռել է»:




























