Կոտայքի մարզի Արտավազ գյուղի բնակիչներն այսօր՝ դեկտեմբերի 14-ին կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց, ստանալու իրենց դեռեւս 10 օր առաջ գրած նամակի պատասխանը: Նրանք պահանջում են Կառավարության փետրվարի 25-ի որոշումը, որով Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ եւ պետք է վերցվեն գյուղացիների ձեռքից: Ըստ այդմ, շուրջ 135 բնակիչներ կզրկվեն իրենց սեփականությունից, որոնց թվում է նաեւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ով այդ վայրում մտադիր է կառուցել մինի հիդրոէլեկտրակայան, որի համար ունի կառավարության (Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակվա)  հատուկ որոշումը եւ արդեն իրականացրել է որոշ տեխնիկական աշխատանքներ:

Վարչապետի պատասխանը բողոքող գյուղացիների նամակին բացասական էր:  

Նշվում է, որ այդ գերակա հանրային շահ ճանաչված հողերի վրա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Աբրահամյանը մի արաբ շեյխի հետ պատրաստվում է նշված վայրում գործարան կառուցել: Կառավարության որոշմամբ՝ գյուղացիների սեփականություն հանդիսացող հողատարածքը  հանձնվել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ին` այդ տարածքում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարան կառուցելու համար:

Կառավարության առաջ հավաքված գյուղացիները, ստանալով վարչապետի բացասական պատասխանը, շարժվեցին նախագահի նստավայր` իրենց բողոքն այնտեղ արտահայտելու համար: Նրանք վանկարկում էին.  «Սասուն, Սասուն», «Բորենիներ ձեռքներդ հեռու Վանատուրից»: