Երեւանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կնքել են համագործակցության եռակողմ հուշագիր, որով իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ ջանքերով աջակցելու «Երեւան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրագործմանը:

Համաձայն հուշագրի՝ Երեւանի քաղաքապետարանն, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պատրաստակամություն է հայտնել «Երեւան` խելացի քաղաք» ծրագրի մշակման եւ իրականացման հանձնաժողովի ուժերով կազմակերպել կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումներ, որոնք կնպաստեն քաղաքային տնտեսության կառավարման բոլոր բնագավառներում առկա խնդիրների եւ առօրյա կենսագործունեության ապահովման նորարարական լուծումների մշակմանը։

Համագործակցության հուշագիրն ստորագրած ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր հերթին սոցիալական ներդրումների իր ծրագրով կաջակցի «Երեւան` խելացի քաղաք» նախագծով նախատեսված համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնք, նորարարական լուծումների վրա հիմնված ենթակառուցվածքների ստեղծմամբ կնպաստեն Երեւանի հետագա զարգացմանը։

«Ժամանակակից քաղաքն անհնար է պատկերացնել առանց արդի տեխնոլոգիական լուծումների վրա հիմնված ենթակառուցվածքի: Դժվար է գերագնահատել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների դերը քաղաքային տնտեսության զարգացման գործում: Այդ տեխնոլոգիաները պետք է ծառայեն քաղաքի բնակիչներին՝ ապահովելով առավել հարմարավետ պայմաններ», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը՝ հանձին նախագահ Արմեն Բալդրյանի, պատրաստակամություն է հայտնել Միության անդամների միջոցով մասնակցելու «Երեւան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման եւ իրականացման աշխատանքներին, ինչպես նաեւ աջակցելու քաղաքապետարանի կողմից իրականացվող բոլոր այն միջոցառումներին, որոնք կնպաստեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նորարարական լուծումների կիրառմանը։

Մեծապես կարեւորելով Երեւան քաղաքի ենթակառուցվածքների հետագա արդիականացումը եւ քաղաքի միջազգային վարկանիշի բարձրացումը՝ կողմերը կհամագործակցեն տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նորարարական լուծումների մշակման եւ կիրառման ոլորտում: