Ի տարբերություն նախորդ անգամվա, երբ  «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության  փաստաբանը չէր ներկայացել դերասան Սերգեյ Դանիելյանի (Յոժ)՝ այդ ընկերության դեմ հայցով դատական նիստին, այս անգամ դատարան է ներկայացել ՀԿԵ-ի միանգամից երեք ներկայացուցիչ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց դերասանի փաստաբան Լեւոն Սահակյանը։

««Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ փաստաբանից բացի դատարան  էին եկել նաեւ նրանց երկու վկաները, որոնցից մեկին դատավորն այդպես էլ լիազոր ներկայացուցիչ չհաստատեց՝ վերջինիս այդ մասին վկայող պատշաճ լիազորագիր չներկայացնելու պատճառով։ Դրանից հետո մենք՝ հայցվոր կողմը, հանդես եկանք երկու միջնորդությամբ։ Դրանցից մեկով պահանջում էինք, որպեսզի դատարան կանչվի Սերգեյ Դանիելյանի հետ նույն  գնացքով Քոբուլեթի մեկնող ուղեւորներից մեկը։ Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր ՀԿԵ տոմսավաճառին, ով պետք է գա դատարան եւ միեւնույն տոմսը մի քանի հոգու վաճառելու թյուրիմացության հետ կապված համապատասխան ցուցմունքներ տա։ Դատարանը մերժեց մեր այս միջնորդությունը եւ բավարարեց միայն առաջինը՝ դատարան հրավիրել դերասանի հետ ճանապարհորդող Արթուր Սարգսյանին»,- նշեց Լեւոն Սահակյանը։

Վերջում նա տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստը Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա հունվարի 18-ին։

Նշենք, որ դերասան Սերգեյ Դանիելյանը իրեն պատճառված անհարմարությունների համար դատի է տվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին՝ ակնկալելով ինչպես նյութական  փոխհատուցում, այնպես էլ հրապարակային ներողություն ստանալ ընկերությունից: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահե Դավթյանն իր հերթին հայտարարել էր, որ Դանիելյանի այս քայլը որոշակի PR նպատակներ է հետապնդում, եւ որ ընկերությունը դերասանից հրապարակային ներողություն չի խնդրի, քանի որ իրենք գործելու են իրավաբանական  դաշտում եւ այն որոշման շրջանակներում, որը կկայացնի դատարանը։