Քննիչը պետք է իրավունք ունենա սահմանափակել կալանավորին այցելելու իրավունքը անգամ պատգամավորների համար։ Այս մասին հոկտեմբերի 24-ին ասել է ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը՝ մեկնաբանելով «Ելք» դաշինքի օրինագիծը։
Օրինագծի համաձայն՝ խորհրդարանի պատգամավորները պետք է իրավունք ունենան ցանկացած ժամանակ այցելել ձերբակալվածներին եւ կալանավորներին, որպեսզի համոզվեն, որ նրանք իրենց նորմալ են զգում։
Մախմուդյանը նշել է, որ քննիչի որոշումը պետք է պարտադիր լինի անգամ պատգամավորների համար։ «Եթե խոսքը բանտարկյալի իրավունքների պաշտպանության մասին է, այստեղ լուծում կա։ Ցանկացած ժամի անարգել այցելության իրավունք ունի օմբուդսմենը»,– ասաց նա։




























