ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած ելույթը կառուցողական, ռեալ իրողությունը ներկայացնող խոսք էր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«Ե՞րբ է ոստիկանությունը բացարձակ գովասանքի արժանացել կամ ե՞րբ է ոստիկանության գնահատականը միանշանակ գերազանց եղել: Նման բան ես երբեւիցե չեմ հիշում: Ոստիկանությունն իր գործառույթներն իրականացնելիս, բնականաբար, պետք է նաեւ ունենա բացթողումներ՝ ոչ իր կամքից ելնելով: Ոստիկանության աշխատանքը շատ բարդ է եւ հարյուր տոկոսով իրագործել բոլոր գործառույթները հնարավոր չէ: Բնականաբար, նախագահն էլ ճիշտ ներկայացրեց թերությունները, ի ցույց դրեց թերությունները, ինչու ոչ նախազգուշացրեց, որ ոստիկանությունն իր հետագա գործունեության ընթացքում բացթողումները գոնե նվազագույնի հասցնի»,- նշեց նա:

Դիտարկմանը, որ ՀՀ նախագահի խոսքից կարելի էր տպավորություն ստանալ, որ ոստիկանությունն անգործության է մատնված եւ ելույթը կարծես նման էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի նախապատրաստման, Ալիկ Սարգսյանն արձագանքեց, որ ինքը նման տպավորություն չի ստացել: Նա նաեւ նշեց, որ չի կարծում, թե դրանով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականն են պատրաստում. «Ես դրա նախադեպը չեմ տեսել, ոչ էլ ելույթից եզրակացրել եմ, որ դա վերաբերվում էր Վովա Գասպարյանի հրաժարականին»: