Հայտնի չէ որեւէ երկիր, որտեղ պաշտպանական ոլորտում հայրենական արտադրողից գնումների համար նախատեսված լինի օրենսդրական որոշակի շեմ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային Ժողովում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ նշելով, որ ռազմական ոլորտն եւ տնտեսական ոլորտները փոխկապակցված են, սակայն, հայրենական արտադրությունը զարգացնելու այլ խթաններ կան:

«Մենք հայրենական արտադրությունը զարգացնելու բոլորովին այլ խթանների մասին պետք է մտածենք: Իհարկե, Պաշտպանության նախարարությունը եւս պատասխանատու է, որպեսզի մեր զինված ուժերը ձեռքբերեն այնպիսին ապրանքներ, որոնք որակական առումով եւ գնով համապատասխան են իրականացվող քաղաքականությանը: Մենք մեր զինվորներին պետք է ապահովենք բարձր կալորիականություն ունեցող սնունդով, ընդլայնենք սննդակարգը, որպեսզի մեր զինվորները իրենց զինվորական ծառայությունն իրականացնելու ժամանակ որեւէ խնդիր չունենան»,-ասաց նա: