Մեզ հարկավոր է կայուն, հուսալի, ճկուն, մեր երկրի մարտահրավերներին եւ սպառնալիքներին արդյունավետ կերպով դիմակայելու համար նոր պաշտպանական համակարգ։ Այդ մասին Ազգային ժողովում «Պաշտպանության մասին» օրինագծի քննարկմանն ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

«Ապրիլյան պատերազմից հետո շատ քաղաքական ուժեր հարցադրումներ էին անում, որ մեր իրավական համակարգը պաշտպանական ոլորտում պետք է արմատապես վերանայել։ Ցավոք, մենք նույն հետեւողականությունը չենք դրսեւորում, երբ քննարկում են կոնկրետ օրենք»,- նշել է նա։

Ըստ Նահապետյանի, մեզ հարկավոր է կայուն, հուսալի, ճկուն, մեր երկրի մարտահրավերներին եւ սպառնալիքներին արդյունավետ կերպով դիմակայելու համար նոր պաշտպանական համակարգ, որի ձեւավորման եւ զարգացման համար առաջնային է պատշաճ օրենսդրության ընդունումը։ Նա կարեւորեց օրենքի նախագծի նշանակությունը։ «Նոր մեխանիզմները եւ կարգավորումները առավելագույնս նպաստելու են, որ մենք իրականացնենք պատշաճ պաշտպանություն, զինված ուժերի արդյունավետ ղեկավարում եւ վերահսկում»,- նշել է Նահապետյանը։

Նա ընդգծել է, որ նախագծով հատուկ շեշտվում է զինված ուժերի ժողովրդավարական, քաղաքացիական, հասարակական վերահսկողության մեխանիզմը։ «Տարիների փորձը ցույց տվեց, որ զինուժը, ունենալով լրջագույն դեր մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում, պետք է ունենան թափանցիկության եւ հաշվետվողականության եւ արդյունավետ կառավարման շատ բարձր մակարդակ։ Եւ այս հարցում ժողովրդավարական տարբեր ինստիտուտների դերակատարումն առանցքային է»,- նշել է Կորյուն Նահապետյանը։