Արցախի Հանրապետությունը կայացած անկախ պետություն է՝ իր համապատասխան ատրիբուտներով։ Այս մասին «Վոեննի դիպլոմատ» կայքին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
«Մեզ համար անկախ ժողովրդավարական պետություն կառուցելը միակ, այլընտրանքային ընտրությունն է, որը մեր ժողովուրդը կատարել է 26 տարի առաջ կամավոր, առանց արտաքին ազդեցության։ Այդ պատճառով ցանկացած բարեփոխում եւ փոփոխություն՝ անկախ մասշտաբից եւ ծավալներից, առաջին հերթին ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների եւ մեր երկրի անկախության ամրապնդմանը։ Բացառություն չէին նաեւ սահմանադրական բարեփոխումները, որոնք նպատակ ունեն ամրացնել ժողովրդի իշխանության սկզբունքները եւ հետեւողականորեն բարձրացնել իշխանության բոլոր ճյուղերի եւ ընդհանուր առմամբ կառավարման մարմինների գործառնության արդյունավետությունը»,– ասել է Սահակյանը։
Արցախի Հանրապետության նախագահը նշել է, որ հանրապետությունում արդյունավետ գործում են իշխանության բոլոր ճյուղերը, զարգանում են ժողովրդավարական ինստիտուտները եւ քաղաքացիական հասարակությունը, ինչի մասին, մասնավորապես, վկայում են ընտրություններին ներկա գրեթե բոլոր միջազգային դիտորդները, առանց բացառության։ «Մեր հանրապետությունը ամենակայուն երկրներից մեկն է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ հետխորհրդային տարածքում։ Մեր երկիրն ունի հանրային անվտանգության՝ աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը»,– ասել է Բակո Սահակյանը։




























