Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը անօրինական է համարում պաշտպանության նախարարի պաշտոնում Եվգենի Ստրուզային իր կամքին հակառակ նշանակելը։

«Պաշտպանության նախարարի երդմնակալությունը դուրս է քաղաքական լեգիտիմության շրջանակներից եւ վկայում է, թե ինչպես է անզորությունը իշխանությանը ստիպում լուրջ սխալներ կատարել»,– գրել է Դոդոնը Facebook–ում։

Նրա խոսքով՝ խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության ստեղծած նախադեպը գործիք կդառնա, որից նրանք իրենք կտուժեն։

Երեքշաբթի Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Ադրիան Կանդուն, ի հեճուկս Դոդոնի կարծիքի, հրաման էր ստոագրել Ստրուզային պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին։