Հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Երեւանում բեմադրվեց «Սոկրատեսն այսօր» մոնոներկայացումը: «Էմմի» մրցանակակիր, դերասան եւ ռեժիսոր Յաննիս Սիմոնիդեսը բեմ էր բարձրացել ոտաբոբիկ՝ հանդիսատեսին ներկայացնելով մեծ փիլիսոփայի պաշտպանական խոսքը: Իմաստություն, բարոյականություն, սեր կյանքի նկատմամբ եւ հույս մահից հետո. այս ամենն ու շատ ավելին՝ 80-րոպեանոց ներկայացման ընթացքում:
Պլատոնի դասական ստեղծագործության վրա հիմնված թատերական այս հայնրահայտ մոնոներկայացումը բեմադրվել է ավելի քան 455 անգամ աշխարհի տարբեր երկրներում: Այն հանդիսատեսին թույլ է տալիս տեղ զբաղեցնել աթենական դատարանում՝ ականատես լինելով Սոկրատեսի կյանքի վերջին դատաքննությանը: Ամենաիմաստուն փիլիսոփային դատում են աթենական երիտասարդությունն անառակացնելու եւ աստվածների դեմ արտահայտվելու համար:
Երեւանում Elliniko Theatro-ի ներկայացումը բեմադրվել էր Հայաստանում Հունաստանի դեսպանատան կողմից՝ տոնելու Հայաստանի եւ Հունաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ պատվելու երկու ազգերի միջեւ դարավոր բարեկամական հարաբերությունները:
Ներկայացումների վերջում հանդիսատեսը հնարավորություն ստացավ տաղանդավոր դերասանի հետ քննարկելու Սոկրատեսի պաշտպանականը, նրա բնավորությունը, կյանքի իմաստը, մտքերն ու դրանց արդիականությունը: Հարցերի տարափը ակներեւ դարձրեց ներկաների հետաքրքրությունն ու զգացմունքները:
«Ինձ դուր են գալիս հայերը: Մենք շատ նման ենք միմյանց, նման ենք նույնիսկ արտաքնապես, երկու ժողովուրդն էլ շատ են տառապել։ Ստամբուլում եմ մեծացել, եւ հայկական սնունդն ու ավանդույթները շատ մոտ էին սրտիս։ Այս լի դահլիճը տեսնելը եւ մեծ անակնկալ էր, եւ շատ հուզիչ պահ»,- Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած բեմադրությունից հետո նշեց դերասանը՝ ավելացնելով, որ հնարավորության դեպքում ուրախությամբ կրկին կայցելի Հայաստան:
Միջոցառմանն աջակցել են եւ հովանավորել ՀՀ մշակույթի նախարարությունը, Հունաստանի տուրիզմի ազգային կազմակերպությունը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Էգեյան ավիաուղիներն ու «Չարենցի 28» ռեստորանը: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը միջոցառումը հովանավորել է ի հիշատակ «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության գլխավոր տնօրեն լուսահոգի Դիմիտրիս Լոիսի:



































