Նոյեմբերի 1-ից առեւտրի իրացման վայրերի համար հաց եւ միս մատակարարող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ հաստատված ժամանակացույցի՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից այս նորմը պարտադիր է դարձել նախ պետական գնումներով իրականացվող սննդի տեղափոխման եւ Երեւան քաղաքի հանրային սննդի կազմակերպման եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար, իսկ նոյեմբերից այն կվերաբերի նաեւ Երեւանի իրացման ցանցերին:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր գրանցված է հաց-հացաբուլկեղենի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող 642 տնտեսվարող, որոնցից 318-ն իրականացնում են հացի տեղափոխում՝ 458 տրանսպորտային միջոցներով:

Հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սանիտարական անձնագիր է տրամադրվել հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 163 տնտեսավարողի` 236 տրանսպորտային միջոցներ շահագործելու համար, որից  101 տնտեսավարողի 158 փոխադրամիջոցի՝ Երեւանում, եւ 62 տնտեսվարողի 88 փոխադրամիջոցի՝ մարզերում: Սանիտարական անձնագիր է տրվել նաեւ միս տեղափոխող 41 տնտեսվարողի՝ 80 տրանսպորտային միջոցի համար, որից 18 տնտեսվարողի 39 փոխադրամիջոցի՝ Երեւանում, 23 տնտեսվարողի 41 փոխադրամիջոցի՝ մարզերում:

Հիշեցնենք, որ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաեւ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Հորդորում ենք նշված ոլորտներում տնտեսվարողներին եւ իրացման ցանցերին նոյեմբերի 1-ից հետո առանց սանիտարական անձնագրերի չտեղափոխել կամ չընդունել  հաց-հացաբուլկեղեն եւ միս, փոխադրամիջոցները հնարավորինս արագ համապատասխանեցնել սահմանված պահանջներին, այլապես կկիրառվեն օրենքով նախատասված  վարչական պատասխանատվության միջոցներ թե մատակարարողի  եւ թե իրացնողի նկատմամբ: