Միջազգային կենդանապաշտպան կազմակերպությունն անդրադաձել է Հայաստանում գորշ արջերին անազատ կամ կիսազատ պայմաններում պահելու դեպքերին:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի փոխանցմամբ, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը թերի է եւ ամբողջությամբ չի կանոնակարգում կենդանիների համար համապատասխան բարվոք պայմաններում պահելու պայմանները:
International Animal Rescue կազմակերպությունը գրում է. «Մենք ահազանգ ենք ստացել Հայաստանում տիրող շոկային իրավիճակի մասին: Մենք փորձում ենք որքան հնարավոր է արագ բացահայտել եւ վերջ տալ այս բարբարոսությանը: Այս արջերը շտապ փրկության կարիք ունեն եւ մենք քայլ ենք կատարում նրանց փրկելու ուղղությամբ: Նեղ, կեղտոտ վանդակներում, մոռացված եւ սոված վիճակում պահվող արջերն ունեն փրկության կարիք քանի դեռ ուշ չէ: Նրանցից շատերը փորձում են թեթեւացնել իրենց տանջանքներն ու ձանձրույթը՝ գլուխները հարվածելով պատերին կամ բարձրանալով վանդակների վրա՝ հուսահատորեն ելքի ուղի փնտրելով»:
International Animal Rescue-ն գրում է նաեւ, որ ծրագրվում է կառուցել ապաստարան եւ փրկել որքան հնարավոր է շատ արջերի: Մեծ Բրիտանական այս կազմակերպության առաքելությունը տանջվող կենդանիներին փրկելն է ամբողջ աշխարհով մեկ: International Animal Rescue-ն զբաղվում է ինչպես Հնդկաստանում արջերի փրկությամբ, այնպես էլ Ինդոնեզիայում կապիկների, այլ տարբեր երկրներում թափառող կենդանիների փրկության խնդիրներով: Կազմակերպության հիմնական նպատակը կենդանիներին իրենց բնական միջավայր վերադարձնելն է, սակայն այն դեպքերում, երբ դա անհնար է, կենդանիների համար ստեղծվում են համապատասխան ապաստարաններ:




























