2017-ին Հայաստանը ներմուծելու է մոտ 2․1 մլրդ խորանարդ մետր ռուսական գազ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հոկտեմբերի 24-ին Երեւանում հայտնել է ռուսական «Գազպրոմ» կորպորացիայի նախագահ Ալեքսեյ Միլլերը, Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանի ու Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման արդյունքներով, Հայաստանի կառավարությունում։
Նա հաստատել է, որ 2018-ի համար կայացվել է որոշում Հայաստանի համար սահմանին պահպանել գազի հատուկ գինը՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլար։
Հայաստանը արդեն հիմա ավելի շատ գազ է սպառում։ 2017-ի առաջին 9 ամիսներին 2016-ի այդ նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարարումները աճել են մոտ 200 մլն խոր․ մետրով, հավելել է Միլլերը։
Նշենք, որ հայկական վիճտվյալներով, 2016-ին Հայաստանը ներմուծել է ընդամենը մոտ 2 մլրդ 234 մլն խորանարդ մետր գազ, այդ թվում 367 մլն խոր․ մետրը Իրանից ու 1 մլրդ 867 միլիոնը՝ Ռուսաստանից։
Իսկ 2017-ի առաջին կիսամյակում ներմուծումը կազմել է 1 մլրդ 272 մլն խոր․ մետր, այդ թվում գրեթե 184 միլիոնն Իրանից ու 1 մլրդ․ 88 միլիոնը՝ Ռուսաստանից։ Ռուսաստանից ներմուծումն աճել է 270 մլն․ խորանարդ մետրով կամ 33 տոկոսով։
Իրանից գազը ներմուծում են Երեւանյան ՋԷԿ-ի աշխատանքի համար, Ռուսաստանից՝ մնացած սպառողների համար։
Այդ ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է, քանի որ էներգասպառման աճը միշտ նշանակում է տնտեսական աճ, հավելել է Միլլերը։
Հայաստանի գազատրանսպորտային ցանցում «Գազպրոմ Արմենիան» իրականացրել է պլանային -հարկադիր վերանորոգման աշխատանքներ ու ներբեռնել գազի անհրաժեշտ ծավալ Աբովյանի ստորգետնյա գազի պահեստ։ Մինչեւ ակտիվ օգտագործման ժամանակաշրջանի սկիզբը ստորգետնյա պահեստում կլինի 160 մլն խոր․ մետր գազ։ Այդ քանակությունը բավական կլինի, որպեսզի Հայաստանը վստահաբար անցնի աշնանային –ձմեռային մաքսիմումը, հավելեց նա։

























