Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանի համար դեռեւս պարզ չէ «Զինապարտության մասին» նոր օրինագծի նպատակը ինչն է։ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը պնդել է, որ այդպիսով սոցիալական արդարության խնդիրը չի կարող լուծվել, քանի որ այլ ճանապարհները բաց են։

«Ես անընդհատ փորձում եմ հասկանալ՝ տարկետման դրույթը հանելով՝ ինչ խնդիր է լուծվում, զինվորների քանակը չի լուծվելու, որովհետեւ բանակի հարցը լուծվելու է նախապես։ Արտագաղթը, բժշկական փաստաթղթերը կեղծելը նույնպես ծառայությունից խուսափելու միջոց են եւ տեղի են ունենում մինչեւ 18 տարին լրանալը։ Մյուս խնդիրը որ շեշտում են՝ սոցիալական արդարություն հաստատելը, սա եւս չի լուծվում։ Արդյոք այն բոլոր խնդիրները, որ տեղիք են տալիս սոցիալական անարդարության, լուծվել են եւ մնացել է միայն գիտությունը»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանե Թանդիլյանը ընդգծեց, որ եթե առողջական խնդիր ունեցող զինծառայողների փոխարեն ազատվում են նրան, ովքեր խնդիր չունեն, այս դեպքում ինչպես են հաստատում սոցիալական արդարությունը։

«Այն մարդիկ, ովքեր ուսման տարկետման իրավունքով կուզենային կրթությամբ զբաղվել, այս հատվածին մեսիջ ենք տալիս, որ մեզ համար կրթությունը առաջնային չէ։ Այս մեսիջը շատ վատ է։ Մենք ասում ենք, որ գիտությունը կարեւոր չէ եւ քանի որ խնդիրն էլ չի լուծվում ես որեւէ կերպ չեմ կարող հասկանալ այս փոփոխությունն իրականացնելու պատճառը»։