ՀՀ Աարդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է նախօրեին Նիկոլ Փաշինյանի փաստաբանի հայտարարությանը, այն համարելով իրականության հետ առնչություն չունեցող: ՔՎ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ Աարդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Ն.Փաշինյանի պաշտպանի կողմից լրատվության առանձին միջոցներով տարածվել է «Արձանագրություն» վերտառությամբ, իրականության հետ առնչություն չունեցող եւ փաստերն ակնհայտ խեղաթյուրած տեղեկություններ: Մասնավորապես, նշված «արձանագրությունում» տեղ են գտել իրար հակասող մի շարք տեղեկություններ, որոնց համադրումը հիմք է պնդելու, որ «արձանագրություն» կազմողներն այս անգամ էլ զերծ չեն մնացել իրենց վառ երեւակայությունը իրականության փոխարեն հանրությանը ներկայացնելուց: Այսպես, ըստ այդ «արձանագրության» դատապարտյալի հետ պաշտպանի տեսակցության ընթացքում ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում իբր թույլ են տրվել խախտումներ:
Դատապարտյալն ու իր պաշտպանն այդ «խախտումը» նկարագրել են այնպիսի գործողությամբ, որը ոչ այլ ինչ է, քան քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների կատարում, համաձայն որի, տեսակցության ընթացքում ՔԿՀ-ի հսկողությունը պարտադիր է: Իսկ հսկողության օրինական ընթացքի մասին դատապարտյալը նշել է այդ նույն «արձանագրությունում», ըստ որի տեսակցությունների ժամանակ ՔԿՀ աշխատակիցները գտնվել են բաց դռնից այն կողմ, այսինքն, ապահովված է եղել օրենքով նախատեսված տեսանելիությունը: Դատապարտյալը, սակայն, ՔԿՀ-ների ներքին կանոնակարգի պահանջների կատարումը ներկայացրել է իբրեւ խախտում:
Դատապարտյալն իր պաշտպանի կազմած «արձանագրությունում» նույնքան տարօրինակ կարծիք է հայտնել այն մասին, թե իբր այս ձեւով, այսինքն, ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից օրենքների եւ ներքին կանոնակարգերի պահպանմամբ, իրեն զրկել են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան դիմելու հնարավորությունից: Տարակուսանքի առիթ է տալիս այն, որ այս կարծիքը կիսել է նաեւ դատապարտյալի շահերի պաշտպանը, որն իրավաբան է, այն դեպքում երբ որեւէ կերպ նրանց առանձնարույցը չի խոչնդոտվել:
«Արձանագրությունում» նկատվում են հղումներ` «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքին ու «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» կոնվենցիային, որոնք, հավանաբար, նպատակ ունեն ստեղծելու դատապարտյալի իրավական տեղեկացվածության վերաբերյալ կարծիքներ, սակայն հաջորդ տողերում շարադրված մտքերը փաստում են ամբողջությամբ հակառակը: Դատապարտյալը հավանաբար կարծել է, թե Եվրոպական դատարանի եւ մի քանի օրենքների ու կոնվենցիաների անունների ճիշտ արտասանելը հանրության համար տպավորիչ կլինի:
Դատապարտյալը մեկ այլ, ոչ պակաս անլուրջ կարծիք է հայտնել, ըստ որի ինքը զրկված է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելուց: Հարկ է նշել, որ ՀՀ օրենսդրության համաձայն դատապարտյալն իրավունք չունի զբաղվել այդ աշխատանքով:
Ինչ վերաբերում է դատապարտյալի հարազատների հետ կապին, նամակագրությանը եւ հեռախոսազանգերին, ապա վերջինս, ինչպես եւ մյուս դատապարտյալները, օգտվում են օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքից: Նկատենք, որ միեւնույն ժամանակ դատապարտյալը պարտավոր է պահպանել օրենսդրությամբ սահմանված իր պարտականությունները:
Հարկ է նշել, որ դատապարտյալի այն պնդումը, թե ինքն իբր զրկված է ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում սույն թվականի նոյեմբերի 11-ի իր հայտարարության առթիվ դեռեւս շարունակվող քննության վերաբերյալ տեղեկություններ ստանալուց` ամբողջությամբ սուտ է: Այդ նույն քննության շրջանակներում փորձաքննություններ նշանակելու նպատակով անհրաժեշտություն էր առաջացել դատապարտյալից վերցնել արյան նմուշ, ինչից, սակայն, վերջինս ս.թ. դեկտեմբերի 8-ին հրաժարվել է:
Մեկ անգամ եւս շեշտենք, որ չնայած դատապարտյալ Ն.Փաշինյանի կամակորություններին, սադրանքներին եւ ապատեղեկատվության տարածման փորձերին, այնուամենայնիվ նրա անվտանգությանը քրեակատարողական հիմնարկում ապահովված է եւ նրան վտանգ չի սպառնում:
Այն բոլոր փորձերը, որոնք միտված են քրեակատարողական համակարգում իրավաչափ եւ պարզ գործառույթները քաղաքականացնելուց` ի սկզբանե ձախողված են»:





























