ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ նույն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին փոխվարչապետի պաշտոն չեն խոստացել:
«Սուտ է, ոչ մի նման խոսակցություն չկա»,- այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցոմ ասաց Ռուստամյանը:
Հարցին՝ փոխվարչապետի պաշտոնը ՀՅԴ-ին չե՞ն տալու, թե՞ պարզապես Աղվան Վարդանյանը չի լինելու, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Դա Ձեր եզրակացությունն է, ես պատասխանում եմ, իսկ Դուք այլ բան եք եզրակացնում»:
Իսկ եթե ՀՀ փոխվարչապետի պորտֆելը տրվի ՀՅԴ-ին, ապա ո՞վ կլինի ՀՅԴ-ի՝ վարչապետի թեկնածուն հարցին էլ արձագանքեց. «Եթե»-ներով չենք առաջնորդվում, դրա ժամանակը կգա ու կխոսենք»:
Նշենք, որ «Ժամանակ» թերթը այսօր գրել էր. «2018թ. ապրիլի 9-ին կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո ՀՀ Սահմանադրության համաձայն՝ երեք փոխվարչապետ է լինելու: Մենք արդեն հայտնել ենք, որ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև վերջերս տեղի ունեցած «մեծ համաձայնության» արդյունքում որոշվել է, որ Կարեն Կարապետյանը իր այսօրվա բոլոր լիազորություններով և պարտականություններով կզբաղեցնի առաջին փոխվարչապետի պաշտոնը:
ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն եւս հույս ունի փոխվարչապետի պաշտոն ստանալ: Այդ կուսակցության խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հավակնում է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը: Մեզ հայտնի է դարձել, որ այս պահին կուսակցությունում դեմ են Աղվան Վարդանյանի ցանկությանը: ՀՀԿ-ի կարծիքը այդ մասին մեզ ճշտել չհաջողվեց»:



























