2016-ի նախընտրական քարոզարշավին  Հիլարի Քլինթոնին եւ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն ներկայացնող փաստաբանը օգնել է ֆինանսավորել նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ ունեցած ենթադրյալ կապերի մասին վիճահարույց նյութերի կազմման աշխատանքը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով Washington Post-ին:

Թերթը գրում է, որ փաստաբան Մարկ Էլիասը, ով ներկայացրել է Քլինթոնի շտաբն ու ԴԿԱԿ-ը, 2016-ի ապրիլին Fusion GPS ընկերությանն առաջարկել է շարունակել Թրամփի մասին տեղեկությունների հավաքագրման աշխատանքը:

Թերթի աղբյուրները գրում են, որ Perkins Coie -ը վարձել է ՀԴԲ-ի հետ կապեր ունեցող բրիտանական հետախուզության  նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլին, այն բանից հետո, երբ Էլիասն ու իր իրավաբանական Perkins Coie ընկերությունը Fusion GPS էին վարձել՝ Թրամփի շուրջ հետաքննություն անցկացնելու համար:

Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն երեկոյան հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կուսակցության այժմյան ղեկավարությունը կապ չունի մասնավոր հետաքննական ընկերության հետ։

Fusion GPS-ի կողմից կազմված նյութերը պարունակում են Թրամփին վերաբերող գռեհիկ եւ չստուգված պնդումներ: