ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանին եւ նրան ուղեկցող հայր Եղիա Կիլաղբյանին:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով հյուրերին Մխիթարյան միաբանության 300-ամյակի առթիվ՝ նախարարն ընդգծել է, որ միաբանությունն անփոխարինելի եւ հսկայական դերակատարություն ունի հայ ժողովրդի հոգեւոր, կրթական եւ գիտամշակութային կյանքում: Լեւոն Մկրտչյանի խոսքով՝ Սուրբ Ղազար կղզում գործունեություն սկսելու պահից ի վեր միաբանությունը բացառիկ մեծ ավանդ է ներդրել հայապահպանության գործում:
Գերաշնորհ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարին՝ հայ ժողովրդի հոգեւոր, մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելու, հայապահպանությանն ու սերունդների կրթության ապահովման գործում կարեւորելով հայրենիք-սփյուռք ամուր գործակցությունը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանում արեւմտահայերենի զարգացման հետ կապված խնդիրներ:




























